«Գրականություն» առարկայի՝ հատկապես ավագ դպրոցին վերաբերող չափորոշիչներն ու ծրագրերը անընդունելի են հետևյալ նկատառումներով․
ա) Այդ նոր ծրագրում բոլորովին անտեսված է հայ գրականությունը Ոսկեդարից (V դար) մինչև XVIII դար և ներառյալ «Խաչատուր Աբովյան» թեման։ Ապագա հայը չի իմանալու Մ․ Խորենացու, Գր․ Նարեկացու, Ն. Շնորհալու, Մ․ Գոշի, Վ․ Այգեկցու, Ֆրիկի, Քուչակյան հայրենների, Սայաթ-Նովայի, Խ․ Աբովյանի մասին ոչինչ։ Թվարկված անունները համաշխարհային արժեքի մեծություններ են, որոնք պատիվ են բերում ամեն քաղաքակիրթ ժողովրդի։
բ) Հայ գրականության թվարկված անունները մշտապես եղել են հայկական դպրոցների ծրագրերում, և նրանք են մեզ հասցրել XXI դարի անկախ ազգային պետականությանը։
գ) Այն տպավորությունն է ստեղծվում, թե հայերը գրականություն ունեն՝ սկսած միայն XIX դարի երկրորդ կեսից ու եղել են հետամնաց, ինչպես Ավստրալիայի աբորիգենները, Աֆրիկայի մարդակեր ցեղերը։
դ) Ավագ դպրոցում լիովին անտեսված է «Սասնա ծռեր» էպոսը, որն ըստ նշանավոր հայագետ Ֆեյդիի՝ աշխարհի ամենամարդասիրական ու խաղաղություն քարոզող էպոսն է։
ե) Ծառն արմատով է ծառ, տունը հիմքով է տուն։ Հայ գրականության արմատը Մաշտոցի գրերով ստեղծված հզոր, ազգապահպան ու անչափ մարդասիրական գրականությունն է, որով հայ աշակերտը դառնալու է քրիստոնյա մարդ և ապա՝ իր ազգին հավատարիմ անհատ։ Ժան-Պիեռ Մահեն, որն աշխարհի բազմաթիվ ակադեմիաների անդամ է, ասում է․ «Եթե ուզում եք ճանաչել, թե ով է հայը, կարդացեք Խորենացու «Հայոց պատմությունը» և Աբովյանի «Վերքը»։
զ) Ըստ նոր ուսումնական ծրագրի՝ ապագա ինժեները, բժիշկը, ծրագրավորողը, ֆիզիկոսը և գիտության այլ բնագավառներ ընտրած աշակերտները չեն իմանալու՝ մինչև XIX դարի երկրորդ կեսը հայերն ունեցել են գրականություն, թե՝ ո´չ։
է) Այն տպավորությունն է ստեղծվում, թե այս ծրագրի մշակողները Սորոսի հիմնադրամի միջոցով ներմուծել են մի ծրագիր, ըստ որի՝ հայ ժողովուրդը չի ունեցել անցյալի գրականություն։
ը) Այս դպրոցական նոր ծրագիրն անընդունելի է նաև այն առումով, որ այն այլևս չի կոչվում «Հայ գրականություն»։
թ) Եթե ուզում են, որ մեր աշակերտները իմանան նաև համաշխարհային գրականություն, ապա ամեն դասարանում թող շաբաթական մեկ ժամով մտցնեն նոր առարկա և ոչ թե հայ դպրոցի ծրագրից թուրքահաճո ձևով դուրս նետեն մեր գրականության դասականներին։
ՀԱՅ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹԵԹՈԴԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ, ՀՀ ԳԱԱ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄ,
Բ․Գ․Դ., ՊՐՈՖԵՍՈՐ Ա․ Գ․ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
Թեմային «Իրատեսի» առավել ընդարձակ անդրադարձը՝ առաջիկայում։